Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

2018-ի գլխավոր 6 ընտրությունները Եվրոպայում

2018-ի գլխավոր 6 ընտրությունները Եվրոպայում
05.01.2018 | 06:40

Եվրոպան դեռ չի իմաստավորել 2017-ի դարակազմիկ ընտրությունները, Express.co.uk կազմել է եվրոպական 6 ընտրությունների ցանկը, որ ստիպելու են ԵՄ-ին տագնապել։ Այս տարի կարող է վերադառնալ Սիլվիո Բեռլուսկոնին, իսկ Ռուսաստանում ու Հունգարիայում կարող են վերընտրվել Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Օրբանը։ ԵՄ-ին մտահոգում են Չեխիայի ընտրությունները` Չեխիան կարող է միանալ Կենտրոնական Եվրոպայի մյուս «ապստամբներին»` Հունգարիային ու Լեհաստանին և նույնպես ուղղակի կոնֆլիկտի մեջ մտնել ԵՄ-ի հետ։ Նախագահական ընտրություններ Չեխիայում` հունվարի 12-13
Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը վերընտրվելու հայտ է ներկայացրել։ Նա սպառնում է ԵՄ ներգործությանը իր երկրում, նույնպիսի սպառնալիք կարող է դառնալ, եթե կայուն կառավարություն ձևավորի, վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Նրան անվանում են չեխական Դոնալդ Թրամփ։ Բաբիշը խոստացել է կառավարել Չեխիան «ինչպես ընտանեկան ընկերություն»։ ԱՄՆ նախագահի հետ նրան համեմատում են բիզնես անցյալի և իստեբլիշմենտի դեմ կտրուկ հարձակումների համար։ Ընտրություններում նրա հաղթանակը հարված էր ԵՄ-ի համար` ընտրարշավի ընթացքում նա դեմ էր միգրացիոն քաղաքականությանը և եվրագոտի մտնելուն։ Վերջերս Միլոշ Զեմանը, հաջորդելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, Մերձավոր Արևելքից էմիգրանտների ներհոսքը կապեց Եվրոպայում ահաբեկչական սպառնալիքների մեծացման հետ։


Խորհրդարանական ընտրություններ Իտալիայում` մարտի 4
Հարցումները ցույց են տալիս, որ «Հինգ աստղ» շարժման եվրասկեպտիկները կայուն առաջ են անցնում մյուս կուսակցություններից։ Նրանց աջակցում է 28 %-ը, դեմոկրատական կուսակցությանը` 24 %-ը, «Առաջ, Իտալիային»`15 %-ը։ Ընտրությունների նոր օրենքը, որ խրախուսում է նախընտրական կոալիցիաների ստեղծումը, ենթադրում է, որ գլխավոր քաղաքական ուժը դառնալու է Սիլվիո Բեռլուսկոնիի աջկենտրոնամետ միությունը, թեպետ խորհրդարանական հստակ մեծամասնություն չի ստանա։ Քառակի վարչապետի աջ դաշինքը քաղաքական հնչեղ հաղթանակ տարավ Սիցիլիայի տեղական ընտրություններում։ Բեռլուսկոնին այդ ընտրություններում ակտիվ քարոզում էր աջ կոալիցիայի թեկնածու Նելո Մուզումեչիի օգտին, որ ուներ նաև «Հյուսիսային լիգայի» ու «Իտալիայի եղբայրների» աջակցությունը։ Սիցիլիայի տեղական ընտրությունները, որտեղ մեծ
առավելությամբ հաղթեց Բեռլուսկոնիի թեկնածուն, շատերը համարեցին համազգային ընտրությունների գլխավոր փորձ։ 2014-ին Բեռլուսկոնիի աղմկահարույց ամուսնալուծությանը հաջորդեցին մի քանի սեքս սկանդալներ։ Եվրադատարանում նա հիմա ձգտում է բեկանել 2013-ի դատավճիռը, որով մեղավոր է ճանաչվել հարկային կեղծարարության մեջ և արգելվել է պետական պաշտոններ ունենալ։ Եթե որոշումը բեկանվի, նա կարող է իր թեկնածությունը դնել ընտրություններում։ Սիլվիո Բեռլուսկոնիին ևս մեկ դատավարություն է սպասում վկաների ենթադրյալ կաշառատվության գործով։ Նրան մեղադրանք է ներկայացված, որ իբր վճարել է ականատեսներին, որ թաքցնեն երիտասարդ կանանց սեքսի համար վճարելու տեղեկությունը։ Բեռլուսկոնին բոլոր մեղադրանքները հերքում է։


Նախագահական ընտրություններ Ռուսաստանում` մարտի 18
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր պաշտոններում ղեկավարում է երկիրը 18 տարի և սպասվում է, որ կստանա ձայների մեծամասնությունը։ «Լևադա կենտրոն» անկախ սոցիոլոգիական ծառայության տվյալներով` նրա վարկանիշը գերազանցում է 80 %-ը։ Նրա հիմնական մրցակից Ալեքսեյ Նավալնուն արգելվեց ընտրություններին մասնակցել, որ շատերին ստիպում է զգուշանալ առավել լայն ճնշումներից նրանց նկատմամբ, որ կփորձեն նրան դիմակայել։


Խորհրդարանական ընտրություններ Հունգարիայում` 2018, գարուն
Էքսցենտրիկ Վիկտոր Օրբանը, որ շարունակում է մնալ Անգելա Մերկելի աչքի փուշը, հաստատ մտադիր է հաղթել ընտրություններում։ Հաղթանակի համար նա պետք է պայքարի ուլտրաաջ «Յոբիկ» կուսակցության հետ, որ իր էքստրեմիստական համբավից ձերբազատվելու փորձերից հետո նորից սկսել է ընկալվել իբրև իշխող «Ֆիդես» կուսակցութան առավել լուրջ մրցակից։ Թեպետ «Յոբիկին» դեռ սպառնում է ընտրություններից դուրս մնալու վտանգը ընտրարշավի անլեգալ ֆինանսավորման տուգանքի պատճառով։


Խորհրդարանական ընտրություններ Շվեդիայում` սեպտեմբերի 9
Ստեֆան Լևենը հույս ունի, որ իր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կհաղթի և վարչապետի նոր ժամկետ կապահովի իր համար։ Բայց հարցումների տվյալներով` Կանաչների կուսակցությունից նրա կոալիցիոն գործընկերները մեծ պահանջարկ չունեն և դա նշանակում է, որ Լևինը գուցե ստիպված լինի դաշինք կազմել Չափավորականների կուսակցության պահպանողականների հետ։ Հակամիգրանտական «Շվեդ դեմոկրատները», որ ամրապնդել են իրենց դիրքերը 2014-ի ընտրություններից հետո, շարունակում են կողմնակիցների թիվը մեծացնել։ Դատելով հասարակական կարծիքի վերջին հարցումներից` նրանք կարող են ստանալ 15-16 %, 2014-ին 13 % էին հավաքել։


Տեղական ընտրություններ Լեհաստանում` 2018-ի տարեվերջ
Այս քվեարկությունը կկայանա համարյա մեկ տարի անց, երբ Եվրահանձնաժողովը սպառնաց Վարշավային ձայնի իրավունքից զրկել դատական համակարգի բարեփոխումների պատճառով։ Լեհաստանը հիմա հակասությունների մեջ է Բրյուսելի հետ, որտեղ համարում են, որ դատարանների նկատմամբ կառավարության վերահսկողությունը մեծացնող ընտրական բարեփոխումները սպառնալիք են ժողովրդավարությանը: Եվրահանձնաժողովը «Իրավունք և արդարություն» կուսակցությանը 3 ամիս է տվել բարեփոխումները բեկանելու համար։ Այնուհանդերձ, Լեհաստանը ճնշմանը չի ենթարկվում և վստահ է, որ իր դաշնակիցներն ու համախոհները, օրինակ, Հունգարիան, վետո կդնեն այս որոշման վրա և թույլ չեն տա ձայնից զրկել։
Ռեբեկա ՊԵՐԻՆԳ, Daily Express


Հ.Գ. Եվրոպայում կարող է լինել 7-րդ ընտրությունը` Բունդեսթագի: Սեպտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Գերմանիայում դեռ չի ձևավորվել նոր կառավարություն: Եթե Անգելա Մերկելին չհաջողվի համաձայնության գալ սոցիալիստների հետ, կնշանակվեն արտահերթ ընտրություններ և այդ ընտրությունները կլինեն 2018-ի Եվրոպայի ամենակարևոր ընտրությունները, որովհետև վերաբերում են Գերմանիային և ԵՄ ապագային միաժամանակ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ